Շահան Կանդահարյան. «Էժանագին քաղաքականությամբ» հենց թուրքական կառավարությունն է զբաղվում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հայկական համայնքը զբաղվում է «էժանագին քաղաքական լոբբինգով», մտածելու տեղիք է տալիս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել բեյրության «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:



«Այս օրերին թուրքական կառավարության անհանգստության առիթը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի եւ լոբբիի գործունեությունն է` կապված ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի ընտրվելու հետ: Փաստորեն, թուրքական կառավարության անհանգստությունը կապված է ԱՄՆ Կոնգրեսում 106-րդ բանաձեւի սպասվող քննարկման հետ: Թուրքիան անհանգստացած է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին Բարակ Օբամայի նախընտրական հայտարարություններով: Թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին առանձնապես փայլուն հեռանկարներ չունեն, դրանք գլխավորապես հիմնված են «հայկական հարցի» վերաբերյալ քաղաքականության ապատեղեկատվական բնույթի վրա: Այդ կապակցությամբ «էժանագին քաղաքականությամբ» զբաղվում է հենց թուրքական կառավարությունը»,- ասել է Կանդահարյանը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը Կոլումբիական համալսարանում ելույթ ունենալիս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բարակ Օբամայի հայտարարությունների մասին խոսքում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համայնքը «անարդար քաղաքականություն» է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Ճիշտ չի լինի դատողություններ անել` հիմնվելով «էժանագին քաղաքական լոբբինգի» վրա»,- հայտնել է Ռեջեպ Թայիպ Էրդողանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---