Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին

Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորել է քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետարանի շենքը չշփոթել թատրոնի շենքի հետ: Ծառուկյանն ասել է նաև, որ քաղաքապետը պետք է 2 տարի առաջվա քարոզչական հոլովակները նայի և կատարի տված խոստումները, հաղորդում է Factor.am-ը: ԲՀԿ առաջնորդը նաև ցույց է տվել թղթեր՝ ասելով, որ Երևանի կենտրոնում կառուցվող հյուրանոցի համար իրականում տրված է 11 հարկի կառուցման թույլտվություն, ոչ թե 1:

«Թող դատարկ-դատարկ չխոսեն, թող աէրոպորտում նայեն՝ ապրիլի 26-ին, շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է Հայաստան»,-ասել է Ծառուկյանը՝ անդրադառնալով ներդրողի՝ Աբու Դաբիի թագաժառանգ չլինելու մասին քննարկումներին:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ծառուկյանի այս հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ապօրինի շինարարության հարցին:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի»,- գրել է Կարապետյանը։

Դեկտեմբերի 3-ին քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Երևանի կենտրոնում հիվանդանոց և հյուրանոց կառուցելու առաջարկ անող ներդրողների ցանկությունն իրականանալ չի կարող ոչ թե քաղաքապետարանի խոչընդոտների, այլ մայրաքաղաքի գերբեռնված կենտրոնի պատճառով:

Ավելի վաղ Ծառուկյանն ասել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը՝ 2 հյուրանոց, բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հանդիպումը հաջող չի անցել, ներդրողները հիասթափվել են:

«Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լինի, բացարձակ այդպիսի խոսակցություն չկար, զուտ՝ բիզնես և հյուրանոց: Շեշտը դրվում էր Կենտրոնի վրա, մենք ասացինք, որ կենտրոնը գերծանրաբեռնված է: Քաղաքը չունի իր հողատարածքները Կենտրոնում, այն պարզ պատճառով, որ բոլոր տարածքները խարխլված են»,- ասել է Մարությանը՝ հավելելով, որ պոտենցիալ ներդրողներին իրենք ասել են, որ ամեն ինչ կանեն աջակցելու համար :

Մարությանը նշել է, որ պաշտոնական հանդիպման ընթացքում հյուրերը զանգերի են պատասխանել, ինքն էլ առաջարկել է դիմումների, առաջարկներ ներկայացնել՝ քաղաքի այլ հատվածներում կառուցապատում իրականացնելու համար: Քաղաքապետն անդրադարձել է նաև ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ խոչընդոտվում է Երևանում մեծ հյուրանոցի կառուցումը:

«Պարոն Ծառուկյան, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային: Ձեր շինարարությունը կասեցվել է, քանի որ հարևանը դիմել է դատարան և դատարանը որպես հայցի ապահովման միջոց կասեցրել է շինարարությունը»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ այդ շինության 2 հարկն ապօրինի է:

Սոցցանցերում քննարկման ժամանակ օգտատերերը կասկած էին հայտնել, թե պոտենցիալ ներդրողներն արդյոք իսկապես Աբու Դաբիի թագաժառանգն է, թե ոչ: Նշվում է, որ նույն մարդիկ ներկա են եղել նաև Ծառուկյանին պատկանող ավտոսրահի բացմանը և ներկայացվել են որպես արաբական ավտոսրահներից մեկի տնօրեն ու սեփականատեր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---