Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով մեքենաներ և Հայաստանի տարածքում դրանք ձախ ղեկով դարձնել

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով մեքենաներ և Հայաստանի տարածքում դրանք ձախ ղեկով դարձնել

PanARMENIAN.Net - Կառավարությունը կվերանայի աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծելու արգելքը: Այս մասին կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ հավելելով, որ դա արվում է, որպեսզի հնարավորություն ստեղծվի ավտոմեքենաների ղեկը աջ կողմից ձախ տեղափոխել Հայաստանի տարածքում։

«Այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»,– ասել է Բադալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես արգելել էր աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը։ Արդյունքում ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում տեղափոխում էին ղեկն ու որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենա ներկրում Հայաստան։

«Այդ քաղաքացիները ստիպված են շատ մեծ գումար ծախսել Հայաստանից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել ՀՀ։ Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է Փաշինյանը`հիշեցնելով, որ մինչ այդ ավտոմեքենան ՀՀ տարածքում շահագործվել չի կարող, իսկ օրենքը խախտողների համար նախատեսված են խոշոր տուգանքներ։ Փաշինյանի խոսքով՝ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին:

Ըստ էության, կառավարության անդամները պայմանավորվեցին ժամանակավոր ներկրման ռեժիմին զուգահեռ, աջակողմյա ղեկով մեքենաների ներկրման մասին վերջնական և ամբողջական պայմանավորվածություն ձեռք բերել: Այս որոշմամբ հնարավորություն է տրվում մեքենայի ղեկը Հայաստանում փոխել՝ շահագործելով միայն հաշվառելուց հետո:

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Մշակված փոխզիջման հիման վրա որոշվել էր աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք էին բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը, Հայաստան բերել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը` առանց ղեկը փոխելու։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր