Մնացականյանը ԼՂ կարգավորման ՀՀ առաջնայնություններն է ներկայացրել ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մնացականյանը ԼՂ կարգավորման ՀՀ առաջնայնություններն է ներկայացրել ԵՄ հատուկ ներկայացուցչին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ներկայացրել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները և գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:

Զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:

Նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել են պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների և շփումների կարևորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման և խնդիրների վերհանման գործում:

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է (վիդեո)

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի