5 օգոստոսի 2002 - 20:15 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Լեհաստանի Կռինիցա-Գուրսկա քաղաքում կկայանա 12-րդ Միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 700 ականավոր քաղաքական գործիչներ, բանկիրներ, արդյունաբերողներ եւ ձեռներեցներ Լեհաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից եւ Բալթիայի երկրներից: Սպասվում է նաեւ Եվրահանձնաժողովի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին: Այս, արդեն ավանդական դարձած միջոցառման ընթացքում քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր: Մասնավորապես, առաջիկա համաժողովի մասնակիցները կքննարկեն ֆինանսական շուկայի վիճակն ու հեռանկարները, բանկերի եւ բանկային ծառայությունների զարգացման հարցեր: Կքննարկեն նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Եվրամիության տրանսպորտային համակարգի ինտեգրման հարցերը, նավթային հատվածի եւ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման միտումները, ինչպես նաեւ նշված տարածաշրջանների գյուղատնտեսության եւ արդյունաբերության բնագավառների հաջողություններն ու բացթողումները: