17 նոյեմբերի 2008 - 14:49 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ դրանց համարժեք փոխարինում գտնվի
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անվտանգ կյանքի իրավունք եւ երաշխիքներ ունենա: Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Այժմ այդ անվտանգությունն երաշխավորում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Սակայն Բաքուն սպառնում է այդ անվտանգությանը եւ Ղարաբաղի ժողովրդի համար դեռեւս չկան միջազգային երաշխիքներ»,-ասել է Ֆասիեն:

Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ընդգծել է, որ Մայնդորֆի հռչակագրում ասվում է ոչ թե զինաթափման, այլ անվտանգության երաշխիքների մասին` ռազմական եւ տնտեսական առումով:

Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, որոնց շուրջ ընթանում է վեճը, կազմում են ԼՂ անվտանգության գոտին: «Եթե մենք համարժեք փոխարինում գտնենք, ապա այն ժամանակ հնարավոր կլինի խոսել տարածքների փոխանցման մասին»,-ասել է Մերզլյակովը:

ԼՂՀ անվտանգության գոտին ներառոմ է Աղդամի, Ֆիզուլիի, Քելբաջարի, Զանգելանի, Ջաբրահիլի, Լաչինի եւ Կուբաթլիի շրջանները:

Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: