Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը քննարկել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է փոխանակել Լեռնային Ղարաբաղում սպանության համար պատիժը կրող ադրբեջանցիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստում:

Ավելի վաղ ՀՀ-ն հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի հետ փոխանակել սահմանը հատած ադրբեջանցուն: Միևնույն ժամանակ՝ հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ չի դիտարկելու 2 այլ դիվերսանտի՝ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի Բաքվին հանձնելու հնարավորությունը։ Վերջիններս 3 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբի կազմում գործում էին Քարվաճառի շրջանում ու վնասազերծվել էին 2014-ի հուլիսին։ Եվս մի դիվերսանտ՝ Հասան Հասանովը, սպանվել էր։ Նշված դիվերսիոն խումբը սպանել էր հայ պատանի Սմբատ Ցականյանին ու մայոր Սարգիս Աբրահամյանին, նաև վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ Կարինե Դավթյանին։Գուլիևը 22 տարվա ազատազրկման, Ասկերովը՝ ցմահ ազատազրկման է դատապարտված։

Ադրբեջանում ՀՀ 3 քաղաքացի է պահվում՝ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները