Ստեփանակերտը պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է, իսկ Մոսկվայում ստորագրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրն արտացոլում է արդեն անցած իրողությունները: Կարելի է ասել, որ Մոսկովյան հռչակագրում ներկայացված սկզբունքներն ու կետերը չեն նպաստի ինչ-որ լուրջ առաջխաղացման բանակցային գործընթացում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն 1994թ., երբ կարգավորման փաստաթղթերում դրված էր նաեւ ԼՂՀ-ի ստորագրությունը, Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել, ուստի Ստեփանակերտը ուղղակի պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում:



«Վերջին իրադարձությունները Կովկասում, պատերազմը Հարավայի Օսեթիայում, իսկ հետո արդեն Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը հանգեցրին հայ ժողովրդի համախմբմանը Ղարաբաղի հարցում: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է աստիճանաբար ակտիվանում հայ հանրությունը իր ազգային շահերի հետ կապված հարցերում, ինչը միայն ողջունելի է»,-ասել է փորձագետը:



Անդրադառնալով Թուրքիայի միջնորդության հնարավորությանը հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում` Հ.Արզումանյանն ասել է, որ դա անհնար է, քանի որ այսօրվա դրությամբ Անկարան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել:



Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին` միջազգային իրավունքի եւ սկզբունքների ու դրանց շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Լեռնայի Ղարաբաղի ներկայացուցիչները Հռչակագրի ստորագրմանը ներկա չեն եղել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---