Գարեգին Բ-ն շնորհավորել է Կ.Պոլսի նորընտիր Պատրիարք Մաշալյանին

Գարեգին Բ-ն շնորհավորել է Կ.Պոլսի նորընտիր Պատրիարք Մաշալյանին

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքներն է հղել Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

«Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով: Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի»,- նշվում է Կաթողիկոսի շնորհավորագրում:

Գարեգին Բ-ի շնորհավորանքում նշվում է նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սիրով սպասում են Կ. Պոլսի նորընտիր Պատրիարքի առաջին այցին:

Սահակ եպս․ Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---