5 օգոստոսի 2002 - 18:43 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՐԻՐ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապեոտւթյունում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրամիության արված հայտարարության առնչությամբ` որակելով այն որպես անհարիր այդ միջազգային կազմակերպության կողմից հռչակված եվրոպական ժողովրդավարական արժեքներին: Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին ԵՄ անդամ-երկրները հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունների իրավասությունը` նշելով, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ չեն ընունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ նման բնույթի հայտարարություններ արվել են 1994 թվականից ի վեր ԼՂՀ-ում անցկացվող բոլոր մակարդակի ընտրությունների վերաբերյալ, եւ, ըստ էության անսպասելի չեն: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը անհանգստացած է այն բանով, որ այդ հայատարարությունները արվում են առանց համաձայնեցնելու անմիջականորեն բանակցային գործընթացի մեջ ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` ավելի բարդացնելով վերջիններիս այդ երկարամյա հակամարտության վերջնական կարգավորմանը ուղղված ջանքերը: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն դրական է գնահատում այն հանգամանքը, որ ԵՄ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիը պետք է լուծվի կողմերի համաձայնությամբ եւ որ այդ ընտրությունները չեն կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ խաղաղ գործընթացի վրա: Ընտրություններին, որպես հասարակական կյանքի կազմակերպման միակ ձեւ, այլընտրանք չկա, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լիովին իրավասու է, առանց արտաքին կողմի որեւէ բացասական կամ դրական գնահատականի, վերջապես իրականացնել, կենսագործունեության եւ բանակցային գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու տեսակետից, այդ կարեւոր քայլը, նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հայաստանը, անկախ այդ եւ նման տիպի հայտարարություններից, որոնք բխում են բացառապես քաղաքական նկատառումներից, ողջունում է ընտրություններ անցկացնելու եւ այդպիսով ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անդրդվելի կամքը, ընդգծվում է հայտարարության մեջ: