18 նոյեմբերի 2008 - 15:38 AMT
Ֆիլիպ դե Վիլյե. Բաքուն պետք է հասկանա, որ Ղարաբաղի հայերը իրավունք ունեն ապրելու եւ զարգանալու սեփական հողում
«Ֆրանսիան նախագահում է ԵՄ-ում, եւ Հայաստանի առնչությամբ մեր խնդիրն է` հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ, որ ամենակարեւորն է, դադարեցնել Ֆրանսիայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Ցավոք սրտի, դա դեռ իրականացված չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիական «Շարժում դեպի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դե Վիլյեն: Նրա խոսքերով, անհրաժեշտ է դադարեցնել նաեւ Հայաստանի մեկուսացումը եւ բացել հայ-թուրքական սահմանը:
Իր քաղաքականության մեկ այլ կարեւոր ուղղություն դե Վիլյեն համարում է օգնությունը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: «Մենք պետք է օգնենք Հայաստանին, որպեսզի Ադրբեջանին հասկացնի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իրավունք ունեն ապրելու եւ զարգանալու սեփական հողում եւ այդ իրավունքը միջազգային փորձում երկրորդական չէ»,- ընդգծել է դե Վիլյեն` ավելացնելով, որ նույն կարծիքի է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անվտանգ կյանքի իրավունք եւ երաշխիք ունենա: «Ներկայումս այդ անվտանգությունը երաշխավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի կողմից: Բայց այդ անվտանգությանը սպառնում է Բաքուն, եւ Ղարաբաղի ժողովրդի համար միջազգային երաշխիքներ դեռեւս չկան»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն: