Բաքվի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Լապշինին մերձբալթյան երկրներում

Բաքվի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Լապշինին մերձբալթյան երկրներում

PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 10 ամիս անցկացրել է ադրբեջանական բանտում Արցախ այցելելու համար, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են ձերբակալել և առևանգել իրեն, երբ նա մերձբալթյան երկրներում էր:

Նա պատմել է, որ դեկտեմբերի 12-ին Լոնդոնում էր, որտեղից մտադիր էր մեկնել Վիլնյուս, հետո՝ Ռիգա: Իր հետ կապ են հաստատել ծանոթները՝ հանդիպման մասին խնդրանքով:

«Ինձ հայտնեցին, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը մի քանի երկրներ, այդ թվում մերձբալթյան երկրներ, ինձ ձերբակալելու հարցում է ուղարկել: Ոչ թե Ինտերպոլի միջոցով, այլ հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման ներքին գծով: Ինձ ասացին, որ իմ խնդիրն է զգույշ լինել և ցանկալի է չեղարկել բոլոր պլաններն ու չայցելել Լատվիա և Լիտվա, որտեղ ուժեղ են Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերը»,-գրել է Լապշինը:

Ըստ նրա, այդ հարցումը չի պարտավորեցնում երկրներին ձերբակալություն կատարել, սակայն, ենթադրում է մուտքի և ելքի մասին տեղեկությունների տրամադրում:

Այնուամենայնիվ, անտեսելով զգուշացումը, Լապշինը մեկնել է Վիլնյուս, իսկ հետո Ռիգա: Սակայն, չեղարկել է մասնակցությունը դեկտեմբերի 15-ին կայանալիք զբոսաշրջային համաժողովին՝ տեղեկություն ստանալով այն մասին, որ Ռիգայում Ադրբեջանի դեսպանատունը մարդկանց է գործուղել այնտեղ մոնիտորինգի: «Նրանք 2 հոգու էին ուղարկել, որոնք ներս չէին մտնում և կանգնած էին մուտքից ոչ հեռու: Նրանց ֆիքսել են տեսանկարահանման սարքերը: Ովքեր են այդ մարդիկ, դեսպանատան աշխատակիցները, թե տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստները, ես չգիտեմ»,-նշել է բլոգերը:

Լապշինը նշել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանում գիտկացել են, որ Ինտերպոլի միջոցով հնարավոր չէ հասնել իր ձերբակալության և անցել են միջպետական հարցումների մարտավարությանը, որոնք կարող են աշխատել՝ հաշվի առնելով կոռուպցիոն գործոնը:

Լապշինը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ում ընթացքի մեջ է իր մահափորձի մեղադրանքով Ադրբեջանի դեմ ուղղված դատավարությունը:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի հարցումով Կիևում ձերբակալվել է ընդդիմադիր թալիշ ակտիվիստ Էլվին Իսաևը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար:Նա Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն Բաքվի բանտում 10 ամիս անցկացնելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացավ և արտահանձնվեց Իսրայել:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել