Հայկական մաֆիան թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել Եվրոպայի 7 երկրում

Հայկական մաֆիան թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել Եվրոպայի 7 երկրում

PanARMENIAN.Net - Աշխարհի առնվազն 135 թենիսիստ կասկածվում է պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ, հայտնում են գերմանական ZDF հեռուստաալիքն ու Die Welt թերթը: Նման եզրակացության են եկել միջազգային հետաքննության մասնակիցները, որին մասնակցում են Բելգիան, Իսպանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Պայմանավորված խաղերի մասին հետաքննությունը դեռ չի ավարտվել, արդյունքները հայտնի կդառնան մի քանի ամսից:

Թենիսում խաղադրույքների հետ կապված մանիպուլացիաների կազմակերպիչը եղել է հայկական մաֆիան, որը գործում է Եվրոպայի 7 երկրում, ասել են Բելգիայի դատախազությունում: Ըստ հետաքննության մասնակիցների, պայմանավորված խաղերին արվում են հարյուրավոր փոքր խաղադրույքներ, որոնց ընդհանուր գումարը հասնում էր մի քանի տասնյակ հազարավոր եվրոների: Բելգիայի դատախազությունում կարծում են, որ մաֆիայի անդամ էին նաև այն անձինք, որոնք պատասխանոտւ էին մարզիկների հետ շփումների և փողերի լվացման համար, գրում է Meduza-ն:

«Խոսքը հայկական մաֆիայի ցանցի մասին է, որը տարածել է իր ազդեցությունը Եվրոպայի 7 երկրում: Դա շատ մեծ ու կազմակերպված ցանց է: Այն մտածված կառուցվածք ունի՝ կան մարդիկ, որոնք պատասխանատու են հաշիվների համար, անձինք, որոնք փողերի լվացմամբ են զբաղվում, մարդիկ, որոնք անմիջական շփում են հաստատում թենիսիստների հետ»,-ասել է Բելգիայի գլխավոր դատախազի տեղակալ Էրիկ Բիշոփը:

Արգենտինացի թենիսիստ Մարկո Տրունժելիտին հաստատել է հանցավոր սխեմայի գոյությունը: Նա պատմել է, որ իրեն դիմել են պայմանավորվածությամբ խաղերի կազմակերպիչները, ինչի մասին նա հայտնել է Թենիսի միջազգային ֆեդերացիային: Լրագրողներին թենիսիստն ասել է, որ պայմանավորված հանդիպումներին մասնակցում են ինչպես ցածր աստիճանի թենիսիստներ, այնպես էլ լավագույն 50-ից ոմանք:

2019-ի փետրվարին Տրունժելիտին արդեն պատմել էր, որ իրեն 2015-ին նման առաջարկ են արել: ITF Futures-ում պայմանավորված խաղի համար իրեն առաջարկել են 2000-3,000 դոլար, ATP Challenger-ի խաղի համար՝ 5,000-10, 000 դոլար, ATP և ավելի բարձր մակարդակի խաղերի համար՝ 50,000-100,000 դոլար: Արդյունքում թենիսիստը բողոք էր ներկայացրել Tennis Integrity Unit (TIU)-ին, որը պայքարում է թենիսում պայմանավորված խաղերի դեմ:

2019-ի հունվարին Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան հայտնեց, որ Իսպանիայում մեծ հանցախումբ է բացահայտվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ: Հանցախմբի անդամները հիմնականում հայեր են:

Իսպանիայի իրավապահները 15 մարդ են ձերբակալել, հետաքննություն է ընթանում ևս 68-ի մասով, այդ թվում մարզիկների: Պայմանավորված խաղերի հետ առնչություն ունի 83 մարդ, որոնցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են, որոնցից մեկը մասնակցել է վերջին ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը։Խմբավորումը գործել է առնվազն 2017-ի փետրվարից: Ենթադրվում է, որ այդ ընթացքում եկամուտը կարող էր միլիոնավոր եվրոների հասնել:

Իսպանիայում 11 տուն էր խուզարկվել, որի արդյունքում առգրավվել է 167,000 եվրո կանխիկ գումար, հրազեն, ինչպես նաև գործի հետ կապված 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, 5 շքեղ մեքենա ու փաստաթղթեր։ 42 բանկային հաշիվ սառեցվել է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---