18 նոյեմբերի 2008 - 18:09 AMT
Լիտվայի նախագահ. Հայաստանը պետք է Եվրոպային, եւ Վիլնյուսը պատրաստ է օգնել Երեւանին ԵՄ հետ մտերմանալու գործում
Լիտվան պատրաստ է օգնել Երեւանին ԵՄ հետ առավել մտերմանալու գործում: Այդ մասին Վիլնյուսում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: «Հայաստանը պետք է Եվրոպային, եւ մենք պատրաստ ենք օգնել ձեր երկրին ԵՄ հետ մտերմանալու գործում»,- ասել է Լիտվայի նախագահը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք լիտվացի առաջնորդի խոսքերով, բարեկամական բնույթ են կրում եւ հետզհետե թափ են հավաքում:

«Երեւանում Լիտվայի դեսպանության բացումը եւ Վիլնյուսում ծրագրվող Հայաստանի հաստատությունը նշան է մեր նախաձեռնողների, արվեստի գործիչների եւ բոլոր մարդկանց համար, որ մեր պետությունները ցանկանում են առավելագույնս օգտագործել բարենպաստ պայմանները երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Ես հույս ունեմ, որ մեր մարդիկ կսկսեն արդյունավետ կերպով օգտագործել համագործակցության արդյունքում բացվող հնարավորությունները»,- հայտնել է նախագահ Ադամկուսը:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը հույս ունի Լիտվայի հետ համագործակցության զարգացման` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը Հայաստանի ձգտման առումով: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրել է Լիտվայի նախագահին Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ձգտումների, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին:

Ադամկուսի խոսքերով, Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, ավելի բաց դառնում հարեւանների համար եւ նրանց հետ ընդհանուր պատասխաններ է փնտրում հնացած խնդիրների լուծման հարցերի համար: Նախագահը գտնում է, որ Հայաստանի նման քայլերը եւ փոխզիջում փնտրելը դրական են անդրադառնում տնտեսության կայունության եւ զարգացման վրա ողջ տարածաշրջանում: Ադամկուսն ընդգծել է, որ Լիտվան աջակցում է այդ խնդիրը երկխոսության հիման վրա լուծելու խաղաղ ճանապարհներ փնտրելուն:

Լիտվայի նախագահը նշել է, որ այդ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա եւ ուղղված լինի տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, իսկ հստակ լուծումներ փնտրելը պետք է իրականացվի ԵԱՀԿ արդեն գոյություն ունեցող ձեւաչափով, հաղորդում է «Լիտովսկի կուրյեռ» թերթը` վկայակոչելով Լիտվայի նախագահի մամլո ծառայությունը: