Արշակյան. 2020-ին ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարը կկրկնապատկվի

Արշակյան. 2020-ին ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարը կկրկնապատկվի

PanARMENIAN.Net - 2019-ին տնտեսումների հաշվին մոտ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և նախագծեր սկսելու համար։ Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ 2020-ին ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարը կրկնապատկվելուէ։

Նախարարը կարևորել է այն, որ այժմ ռազմարդյունաբերական համալիրը գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայության տակ։ «Ստեղծել ենք մի իրավիճակ, որ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է, տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով, ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենք-զինամթերքի, սպառազինության արդիականացման քայլեր իրականացնել»,- նշել է Արշակյանը, հայտնում է Panorama.am-ը:

Արշակյանը նշել է նաև, որ նախարարությունը մշակել է երեք ռազմավարություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն դրվել են հանրային քննարկման:

Նախարարը նշել է, որ 2018 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը հասնում էր 15 հազարի, որոնց 38%-ը կանայք են։ Ընդ որում, կանանց ներգրավվածության ցուցանիշով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական ընկերություններին իրենց գումարները հիմնականում գեներացնում են դրսում, դրսի իրենց կազմակերպություններում, իսկ Հայաստան գալիս է միայն աշխատավարձը։ Եվ դա բերում է նրան, որ շրջանառության այսպիսի փոքր թվեր ունենք: Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է մոտ 16,5 հազար դոլար, մինչդեռ մենք գիտենք, որ տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցի կողմից գեներացրած արդյունքը տարեկան առնվազն 45-50 հազար դոլար պետք է լինի: Սա նշանակում է, որ ռազմավարությունում պետք է կիրառենք այնպիսի մեխանիզմներ, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով։

ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2019-ի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց 2020-ին գնվելու է մոտ 13 մլրդ դրամի տեխնիկա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---