Ճարտարապետական մի քանի արվեստանոց բարձրաձայնել են ոլորտի խնդիրները

Ճարտարապետական մի քանի արվեստանոց բարձրաձայնել են ոլորտի խնդիրները

PanARMENIAN.Net - Ճարտարապետական նախագծային պատվերներում անթույլատրելի է պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի և անուղղակի ուղղորդումը կամ անմիջական մասնակցությունը:

Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի մի խումբ անհատ ճարտարապետներ ու ճարտարապետական արվեստանոցներ՝ անդրադառնալով նախագծային գործունեությանը տարբեր պաշտոնյաների ներգրավվածությանը վերաբերող քննարկումներին:

Ճարտարապետները կոչ են անում ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և տեղական ինքնակառավարման մյուս մարմիններին բացառել պետական կամ համայնքային ծառայողների անհատական կամ փոխկապակցված անձանց միջոցով նախագծային գործընթացներին մասնակցությունը։

Հայտարարությամբ նրանք առաջարկել են ներդրումային նախագծերի քննարկման գործընթացները կազմակերպել հնարավորինս բաց ու թափանցիկ՝ ապահովելով մրցակցային գործընթացը և նախաձեռնել ոլորտի խորքային բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն նախանշվող շինարարության ոլորտի աճի կայուն զարգացմանը։

Իրենց հայտարարությամբ ճարտարապետները նշել են նաև, որ սատարում են Հայաստանի ճարտարապետների պալատի նախաձեռնած բարեփոխումներին՝ գործընկերներին հորդորելով համախմբվել պալատի շուրջ, պահանջել հետևողականություն և բարեփոխումների շարունակականություն։

«Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք՝ ճարտարապետներս պարտավոր ենք ուղղել նախկինում թույլ տված սխալները և մեր քաղաքացիների համար գեղեցիկ ու ներդաշնակ քաղաքներ և երկիր ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---