ՊԵԿ. Բաղրամյանի համայնքապետը 62 մլն դրամի վնաս է հասցրել, քրգործ կա

ՊԵԿ. Բաղրամյանի համայնքապետը 62 մլն դրամի վնաս է հասցրել, քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ համայնքին պատճառվել է 62 մլն դրամի վնաս:

Մասնավորապես, պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։

Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով և կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։ Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնեական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը:

Այս գործարքների արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 մլն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 մլն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 մլն դրամի չափով: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---