ԱՀԿ. Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է

ԱՀԿ. Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է

PanARMENIAN.Net - Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է, ընդ որում վերջին տարիներին ավելի քիչ են սկսել ծխել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները վերջին երկու տասնամյակի վերաբերյալ:

Ծխողների քանակի նվազման հիմնական պատճառն, ըստ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսի, առավել խիստ միջոցներն են, որոնք ընդունվել են երկրների մեծ մասում վերջին տարիներին:

Այժմ ծխելու ասպարեզում առաջնությունը պատկանում է Նաուրու և Կիրիբատի գաճաճ կղզի պետություններին, որտեղ ծխում է երկրի բնակչության կեսից ավելին՝ 52 %-ը: Հաջորդում են Տուվալուն 49 տոկոս ցուցանիշով, Մյանման (45%), Չիլին (45%), Լիբանանը (43%) և Սերբիան (41%):

Ըստ վերջին տվյալների, այսօր ծխում է, կամ օգտագործում է ծխախոտն այլ եղանակով, մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ բնակիչը, որոնց 80%-ը տղամարդիկ են:

Ընդհանուր առմամբ աշխարհում մոտ 1 մլրդ 337 մլն մարդ ծխում է ծխախոտ, ծխամորճ, սիգար, նարգիլե և «առանց ծխի ծխախոտային արտադրանք»: Էլեկտրոնային սիգարետներն ԱՀԿ զեկույցում հաշվի չեն առնվել:

2000-ից ի վեր ծխախոտի սպառողների քանակն աշխարհում նվազել է 60 միլիոնով, սակայն, այդ անկումը կանանց հաշվին էր: Ծխող կանանց ընդհանուր քանակը նվազել է մոտ 100 միլիոնով, գրեթե 1,5 անգամ, սակայն, ծխող տղամարդկանց թիվը նույն ժամանակահատվածում աճել է 40 միլիոնով (ծխող տղամարդկանց քանակը սկսել է նվազել միայն 2018-ին):

Ըստ ԱՀԿ կանխատեսումների, 2025-ին կծխի մոլորակի 15 տարեկանից բարձր բնակիչների միայն յուրաքանչյուր 5-րդը, մինչդեռ 2000-ին ծխում էր յուրաքանչյուր 3-ը:

Ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից 1,2 մլն-ն՝ պասիվ ծխողներն են:

Զեկույցում նշվում է նաև, որ կանոնավոր ծխախոտ օգտագործողներից 43 միլիոնը 13-15 տարեկան երեխաներ են:

Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ-ում ներկայացնելով հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, հայտարարել էր, որ Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը ծխում է: Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 2-3 %-ը:

Հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծով բարձր տուգանքներ են սահմանվում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---