25 դեկտեմբերի 2019 - 09:14 AMT
ՊՆ կոչը՝ նվիրատվությունը զորամասերի փոխարեն ԶՈւ կենտրոնական պահեստներ հանձնել

Պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ հանձնել ԶՈւ կենտրոնական պահեստներ։ Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումներին առնչվող հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը:

«Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։ Միևնույն ժամանակ՝ գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով:

Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։