«Գալաքսի» ընկերությունների խմբի ամանորյա սոցարշավն ուղղված է միայնակ տարեցներին (վիդեո)

«Գալաքսի» ընկերությունների խմբի ամանորյա սոցարշավն ուղղված է միայնակ տարեցներին

PanARMENIAN.Net - Ամանորը հիշարժան է և ուրախ, երբ այն նշում ես ընտանիքիդ ու սիրելիներիդ հետ, բայց 2020 թվականը 49,900* տարեց այն կդիմավորի միայնակ։ Հայաստանում կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13,5%-ը միայնակ է ապրում, և այս թիվը տարեցտարի փոփոխվում է։

«Գալաքսի» ընկերությունների խումբն իր 15 ընկերությամբ հուսով է փոքր-ինչ ազդել վիճակագրության վրա։

Ընկերության կողմից թողարկված սոցիալական հոլովակում միայնակ ապրող մի բարի Ձմեռ պապ, ում մարմնավորում է 82-ամյաՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, պատրաստում է ամանորյա սեղանն ու սպասում զանգի։

Իհարկե, հոլովակից դուրս տեղեկանում ենք, որ զանգը չի ուշացել. «Գալաքսի» ընկերությունների խմբի հարյուրավոր աշխատակիցներ որոշում են իրենց տոնը կիսել միայնակ տարեցների հետ և կոչ անում բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս բարի ու պարզ նախաձեռնությանը։

«Սերունդների համերաշխությունը մեզ համար կարևոր արժեք է ու այս տարվա Սուրբ ծննդյան ուղերձով մեր հարգանքն ու սոլիդարությունն ենք փոխանցում մեր տարեցներին՝ համեստ ներդրում ունենալով նրանց արժանապատիվ ծերությունն ապահովելու գործում»,- սոցիալական արշավի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Կիսիր ջերմությունդ, միացիր հոգատարության արշավին» կարգախոսը՝ միավորելով «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերության մոտ 3000 թիմակցի, ընդգծում է, որ այս արշավը նյութական օգնության մասին չէ, այլ վերաբերմունքի և ուշադրության. միայնակ տարեցները միշտ չէ, որ սոցիալապես անապահով մարդիկ են։ Պարզապես ընկերությունների խումբը որպես առաջին քայլ իր հոգածությունն է հայտնել ավելի քան 600 տարեցի, որոնք ապրում են Երևանում և մարզերում գտնվող 2 պետական և 5 մասնավոր խնամքի տանը։ Նախագծի շրջանակում կատարվել է կարիքների գնահատում և ապահովվել է նշված խնամքի տներում տարեցների մոտ մեկ տարվա անհրաժեշտ իրերը։

Զուգահեռաբար «Գալաքսին» ընդգծում է, որ հսկայական միջոցները, որոնք ներդրվել են ավելի քան 600 միայնակ տարեցների կարիքների բավարարման համար, իմաստ չէին ունենա, եթե չլիներ թիմի մարդկային գործոնն ու ոգևորությունը։ Օրինակ՝ թիմերից մեկը թխվածնքներ է պատրաստել տարեցների համար, մյուսը՝ տաք գուլպաներ գործել, բացի այդ, նվերների հետ փոստային նամակներ է գրել, իսկ «ամենահամեղ» թիմը տարեցների սիրած կոնֆետներն է առանձնացրել՝ «հոգապահուստի համար»։ Ի դեպ, նախագծի պաշտոնական մեկնարկից հետո առաջին 105 էնտուզիաստները նվերներով մեկնել են նշված խնամքի տները՝ իրենց ժամանակը կիսելու տատիկ-պապիկների հետ։

«Այս նախագծով մենք հուսով ենք վերահաստատել մեր արժեքները նախ և առաջ մեր թիմերի համար։ Ոչ թե ինչ ենք մենք անում, այլ ինչին ենք հավատում. որպես տարբեր ընկերությունների աշխատակիցներ ինչ արժեքի շուրջ ենք միավորվում որպես մեկ միասնական թիմ. սա է հարցը, որի պատասխանը մեր շարունակական սոցիալական պատասխանատվության ծրագրերն են»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա հույս է հայտնել, որ «Գալաքսին» սեփական օրինակով կկարողանա վարակել մարդկանց, ովքեր ոչ միայն Ամանորին, այլ ամբողջ տարվա ընթացքում իրենց ջերմությամբ կկիսվեն հարևան, ծանոթ կամ անծանոթ միայնակ տարեցների հետ։

Միայնակ տարեցների ուղղված սոցիալական արշավը համացանցում տարածվում է #BecauseWeCare հեշթեգով, արշավի նախաձեռնողները Ucom և IUnetworks, YerevanMall, Capitan kid և KinoPark, TI’ME, Pandora և Chronograph, Megafood, Megasport և Megatoys, Pahest33 և Santafe թիմերն են՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի թիմի հետ համատեղ։ Արշավին արդեն իսկ միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր։

«Գալաքսիի» սոցիալական պատասխանատվության պորտֆելը կազմում է ընկերության շահույթի զգալի մասը, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Որպես սոցիալական պատասխանատվության նախագիծ ընկերությունը իրականացրել է նաև սահմանային անվտանգության պաշտպանության խոշոր նախագծեր, ներդրում է կատարել մարզային և համայնքային հասարակական ենթակառուցվածքների ապահովման համար, ինչպես նաև ամեն տարի Ամանորի իր սոցիալական աջակցության նախագիծը իրականացնում է որևէ խոցելի խմբի հարցի բարձրացմամբ և դրա վերաբերյալ սեփական լուծումով։

*Ըստ ԱՎԾ-ի 2019-ի տվյալների՝ կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13.5%-ը միայնակ է ապրում։ 2009-2019թթ. նրանց թիվը տատանվում է 35,671-ից մինչև 69,341-ի։ Հնարավոր շեղումներ՝ մինչև 6%:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---