Հիլարի Քլինթոնը կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, հայտարարել է Օբամայի խորհրդականը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջադրել Հիլարի Քլինթոնի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, դա կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում: Իշխանության փոխանցման հարցերով Օբամայի խորհրդականներից մեկը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի թեկնածությունն առաջադրելու մասին կհայտարարվի Երախտագիտության օրվանից հետո, որն ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի 27-ին:



Իր անունը նշել չցանկացած դեմոկրատի խոսքերով, կողմերը հարթել են Հ.Քլինթոնի ամուսին եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի ֆինանսական գործունեության հետ կապված հարցերը: Սպիտակ տան նախկին ղեկավարը կգլխավորի բարեգործական հիմնադրամը, որն իր գործունեությունն է ծավալել շուրջ 20 երկրներում: Հիմնադրամի ֆինանսավորման մեթոդները մի շարք էթիկական հարցեր էին առաջացրել եւ համարվում էին Հ.Քլինթոնի նշանական գլխավոր խոչընդոտը:



Ասվում է, որ Օբաման եւ նրա նախկին մրցակիցը արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են պետդեպարտամենտի ղեկավարի նշանակման ծրագրերը: Ի դեպ, ոչ Օբաման, ոչ Քլինթոնը մեկնաբանություններ չեն անում: Որոշ մարդիկ դեմոկրատական կուսակցությունում, այնուամենայնիվ, շարունակում են իրենց հարց տալ, արդյոք Հ.Քլինթոնը չափազանց անկախ գործիչ չէ պետքարտուղարի պաշտոնի համար: Եթե այնուամենայնիվ նշանակումը տեղի ունենա, Քլինթոնը ստիպված կլինի հրաժարվել սենատորի տեղից, որը նա զբաղեցնում էր վերջին ութ տարիներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---