21 նոյեմբերի 2008 - 18:21 AMT
Ղարաբաղյան հակամարտության մեջ բացի Ադրբեջանից եւ Հայաստանից այլ կողմեր չկան, գտնում է Իլհամ Ալիեւը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բացի Ադրբեջանից եւ Հայաստանից այլ կողմեր չկան: Դա միշտ էլ հայտնի է եղել, եւ այժմ այդ փաստը հաստատված է Հայաստանի ղեկավարի կողմից Մոսկովյան հռչակագրի ստորագրմամբ»,- «Ադրբեջանը XXI դարում` զարգացման մարտավարությունը» կլոր սեղանի Բաքվի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որը ստորագրվեց Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, դրական փաստ է: «Հռչակագրում հստակ որոշված են հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմները: Մեխանիզմները բանաձեւերն ու որոշումներն են, որոնք ընդունված են միջազգային նորմերի եւ իրավունքների շրջանակներում: Հռչակագիրը կարեւոր քաղաքական փաստաթուղթ է, որում որոշված են հակամարտության կարգավորման ճանապարհները` հենված միջազգային չափանիշների վրա: Երաշխիքների բաժնում նշված են հակամարտության լուծման յուրաքանչյուր փուլի երաշխիքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: