
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է արել Իրանի դեսպանատան «սգո մատյանում»՝ ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնելով Իրանի կառավարությանը և ժողովրդին բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ:
Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։
Ինչպես փոխանցում է Aysor.am-ը՝ նախարարը նաև հույս է հայտնել, որ հետագա լարվածությունն արագ տեղի կտա:
«Կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը երկու գործընկերներին կոչ է անում նստել բանակցությունների և կանխել հետագա լարվածությունը», - նշել է նախարարը։
Հարցին, թե ՀՀ անվտանգությանն ուղղված ինչպիսի սպառնալիքներ է տեսնում՝ Պապիկյանն ասել է. «Այս պահին որևէ սպառնալիքի մասին խոսք չկա, մնացյալ մեկնաբանությունը, կարծում եմ, կտան ԱԳՆ-ն ու մյուս գերատեսչությունները»։
Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։