Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից 3-ի խափանման միջոցները բողոքարկվել են

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից 3-ի խափանման միջոցները բողոքարկվել են

PanARMENIAN.Net - Երեխաների ապօրինի որդեգրման գործով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձից 3-ի խափանման միջոցները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշվում է, որ 2019-ի վերջում վերաքննիչ բողոք է տարվել գործով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Ավելի վաղ վերաքննիչ բողոք է եղել գործով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի կալանավորումը գրավով փոխելու որոշման դեմ, որը վարույթ է ընդունվել:

Հունվարի 8-ին վերաքննիչ բողոք է եղել նաև որպես մեղադրյալ ներգրավված «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Վերջին երկու անձանց դեպքում էլ համարվել է, որ գրավը չի կարող չեզոքացնել կալանքի ընտրության հիմքերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշմամբ:

Բացի այդ, դատախազությունը դեռ չի իչ ստացել մյուս երկու մեղադրյալների՝ Անուշ Գարսանցյանի և Արշակ Ջերջերյանի հանդեպ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումները:

«Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած ևս կբողոքարկվեն»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենքի կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին:

 Ուշագրավ