Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի գործուղի Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, հայտնում է Turan-ը՝ կառույցի հաղորդագրությանը հղումով:

Դիտորդական առաքելությունից հրաժարվելու հստակ պատճառը չի նշվում:

«Եվրախորհրդարանի անդամներից կամ կառույցներից ոչ մեկը լիազորված չէ հետևելու ընտրական գործընթացին կառույցի անունից: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կանի անձամբ իր անունից և ոչ մի դեպքում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում մի շարք ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական գործակալության՝ նրանց եզրակացություններն արժանանում էին ժողովրդավարական ուժերի քննադատության, որոնք մեղադրում էին եվրոպացի խորհրդարանականներին բազմաթիվ խախտումներ գիտակցաբար չնկատելու, ինչպես նաև կեղծքիներն արդարացնելու մեջ:

Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունն այնտեղ մեծամասնություն ունի: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ադրբեջանի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---