«Դալմա Գարդեն Մոլի» 2-րդ հարկը մոտ կես ժամ ցնցվել է. Այցելուները տարհանվել են

«Դալմա Գարդեն Մոլի» 2-րդ հարկը մոտ կես ժամ ցնցվել է. Այցելուները տարհանվել են

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին` երեկոյան ժամը 19:30-ից սկսած, «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել է, որոշ խանութների ցուցափեղկերն էլ ճոճվել են։

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանի խոսքով` առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։

«Բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- նշել է Գիդաչյանը` հավելելով, որ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժ կամ ցնցումներ չեն գրանցվել։

Համացանցում մինչև այդ լուրեր են շրջանառվել, իբր Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում։

Ավելի ուշ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել է` որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է, խուճապի հիմք չկա:

Ավելի ուշ առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, ըստ որի «Դալմա Գարդեն Մոլը» վաղը` հունվարի 10-ին, այսօրվա միջադեպից հետո չի աշխատելու։ Ըստ հայտարարության` նախորդ ժամերին մոլում տեղային ցնցումներից հետո կենտրոնի ղեկավարությունն անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերն արել է, այդ թվում` տարհանել բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին։

Այս պահին ԱԻՆ-ը մանրակրկիտ զննում է շենքն ու հարակից տարածքները՝ ցնցումների պատճառը պարզելու համար։ «Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու»,- ասվում է հայտարարությունում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---