Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են՝ Թեհրանում վթարված Boeing 737-ը խոցվել է հրթիռով

Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են՝ Թեհրանում վթարված Boeing 737-ը խոցվել է հրթիռով

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանի մերձակայքում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների» ինքնաթիռը, ըստ կանադական հետախուզության տվյալների, խոցվել է Իրանի կողմից «ցամաք-օդ» դասի հրթիռով:

«Հնարավոր է՝ դա միտումնավոր չի արվել»,- ասել է Թրյուդոն, նշում է Meduza-ն:

Կանադայի վարչապետը կոչ է արել իրողությունը պարզելու համար մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես հայտարարել է, որ կան ապացույցներ, որոնք հաստատում են՝ ինքնաթիռը հրթիռով է խոցվել:

Ավելի վաղ Newsweek-ը, CBS News-ը, CNN-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ ըստ Պենտագոնի և ԱՄՆ պաշտոնատար անձանց, Իրանը խոցել է ուկրաինական ինքնաթիռը «Տոռ» ԶՀՀ 1 կամ 2 հրթիռով: ԱՄՆ իշխանությունները հրթիռային հարվածը պատահական են համարում: Ըստ CNN-ի, հրթիռները կարող էին գործարկվել այն մտավախությունից ելնելով, որ ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն Իրանում ուկրաինական ավիաուղիների Boeing 737-ի կործանման 3 վարկած ունի: Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարը հրապարակել է դրանք՝ չբացառելով հրթիռային հարվածը և ահաբեկչությունը:

Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---