Փաշինյան. Աղբի կառավարումը ՀՀ-ի հրատապ խնդիրներից է

Փաշինյան. Աղբի կառավարումը ՀՀ-ի հրատապ խնդիրներից է

PanARMENIAN.Net - Աղբի կառավարումը Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկն է, Կառավարությունում խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ: Նրա խոսքով՝ աղբը նաև շատ լուրջ ռեսուրս է, որն արդյունք և բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում ունենում:

«Կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրների: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն կան փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները երկարաժամկետ առումով հաղթահարելու ձև պետք է գտնել:

Վարչապետը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել աղբահանության խնդրի մասին: 2019-ի մայիսին նա հայտարարել էր, որ Հայաստանն աղբի մեջ կորած է, և իրենք գործընկերներ են փնտրում աղբը վերամշակելու հարցում օգնելու համար: Դեկտեմբերի 23-ին էլ վարչապետը նշել էր, որ ՀՀ-ում անհրաժեշտ է պատերազմ հայտարարել աղբի դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---