Եղվարդում շարունակվում է ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան. Կհանդիպեն մարզպետին

Եղվարդում շարունակվում է ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան. Կհանդիպեն մարզպետին

PanARMENIAN.Net - Եղվարդում հիվանդանոցի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան շարունակվում է։ Ցուցարարները պնդում են՝ դա սխալ որոշում է, որից տուժելու են ոչ միայն Եղվարդի, այլև շրջակա մի քանի գյուղի բնակիչներ։

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2019-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020-ի հունվարի 1-ից պետության կողմից չեն ֆինանսավորվելու։

Ըստ Aysor.am-ի՝ ծննդատան տնօրենն այս հարցով հանդիպում է Կոտայքի մարզպետին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որոնցից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը.

«Դե Բուժականից ծննդկանին հասցրեք Երևան, 8 ամիս կտևի ախր», հայտնում է Panorama.am-ը:

«Երևանի ծննդատները փակեք, ոչ թե ստեղինը։ Էս աշխատողներին պիտի հերոսի կոչում տաք։ Էս ծննդատունը մարդիկ ատամներով պահել են, ժողովրդի կյանքն են փրկել, իսկ այսօր բերել փակում եք, որպես ինչ։ Կամ պետությունն ի՞նչ է արել էս հիվանդանոցի համար, որ հիմա փակում է։ Մի լումա չի տվել, բայց աշխատողները ատամներով պահել են։ Եկել փակում են, մարդկանց դարձնում գործազուրկ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքողներն ասում են՝ 15 հազար բնակիչ ունեցող համայնքի ծննդատունը փակելն անիմաստ է։ Նաև նշում են, որ դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուց առաջ պետք է մարդկանց աշխատանքով ապահովել, որ վերջիններս կարողանան երեխա պահել. «Տասը հոգու աշխատատեղ կա, ասենք էդ տասին էլ հանեց, հետո՞»։

Համայնքի բնակիչները մեջբերում են վարչապետի խոսքը՝ փող ծախսելու տեղ ասեք, ապա ուղղություն տալիս՝ համեցեք Եղվարդի հիվանդանոց։

Եղվարդցիներին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ համայնքի բնակիչների մեծ մասը ծննդօգնություն պետք է ստանա Երևանի Հանրապետական հիվանդանոցում. «Թող տանեն Երևան, ծախեն սաղ երեխեքին։ Զակազ ունեն եղվարդցոց վրա»։

Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---