25 նոյեմբերի 2008 - 14:51 AMT
Այբարս Գորջուլու. Թուրքիան կարող էր շատ բան անել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում
«Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին, որովհետեւ գտնում է, որ Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը: Թուրքիան 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը` ի պատասխան Ադրբեջանի դեմ ագրեսիայի: Թուրքիան պարտավորվել է բացել սահմանը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրման դեպքում»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական արտաքինքաղաքականության գծով TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: Նրա խոսքերով, Թուրքիան կարող էր շատ բան անել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: «Մենք նաեւ կցանկանայինք ղարաբաղյան հակամարտության միջնորդ դառնալ: Ավելին, սահմանի փակումը հանգեցրեց տարածաշրջանում ուժերի բեւեռացմանը` մի կողմից Թուրքիա-Ուկրաինա-Ադրբեջան-Վրաստան եւ մյուս կողմից` Ռուսաստան-Իրան-Հայաստան գծերով: Անկայունությունը Կովկասում, հատկապես օգոստոսյան պատերազմից հետո հանգեցրեց նրան, որ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի հետ խորհրդակցություններ է անցկացնում Կայունության պլատֆորմի շուրջ: Միջազգային հանրությունը նույնպես աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հանդեպ Թուրքիայի ձգտմանը: Վերադառնալով սահմանի բացման հարցին` կնկատեմ, որ դրանից փոխադարձ շահ կլինի: Եթե հիմա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան մոտ $300 միլիոն, ապա բացման հետ այն կմեծանա, ընդ որում, այդ գումարները ոչ թե նստվածք կտան ստվերային սեկտորում, այլ կփոխանցվեն երկրի բյուջե»,- ասել է Գորջուլուն:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ