25 նոյեմբերի 2008 - 19:35 AMT
Արթուր Բաղդասարյան. Իրանը կարեւոր եւ անփոխարինելի դեր է խաղում տարածաշրջանային խնդիրների լուծման գործում
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, որն այցով գտնվում է Թեհրանում: Լարիջանին գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկա դրությամբ` ընդգծելով, որ դրանք խորը արմատներ ունեն: «Հայ-իրանական հարաբերություններն արմատներով գնում են դեպի հինավուրց պատմությունը, շատ ընդհանրություններ ունեն եւ հիմնված են երկու ազգերի միջեւ ամուր կապերի վրա»,- ասել է Լարիջանին` ավելացնելով, որ բարիդրացիական հարաբերությունները գլխավոր գործոն են հանդիսանում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները մարտավարական են: «Մեր կապերի ընդլայնումը քաղաքականության, տնտեսության, բիզնեսի եւ հաղորդակցությունների ոլորտներում հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնություններից մեկը»,- ասել է Բաղդասարյանը` նշելով նաեւ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան երկաթուղային տրանսպորտի, էներգետիկայի եւ ճանապարհների վերակառուցման ոլորտներում:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը համաձայնել է Լարիջանիի հետ, որ երկու երկրների խորհրդարանները կարեւոր դեր են խաղում բարեկամության տարբեր հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբերի շրջանակներում համագործակցության մակարդակի բարձրացման հարցում: Արթուր Բաղդասարյանը հատկապես նշել է Իրանի կարեւոր եւ անփոխարինելի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: