ԱԱԾ նախկին պետի քունքի շրջանում հրազենային վնասվածք կա, 30-40 պարկուճ և գնդակ է եղել տանը

ԱԱԾ նախկին պետի քունքի շրջանում հրազենային վնասվածք կա, 30-40 պարկուճ և գնդակ է եղել տանը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, տանը հայտնաբերվել է 30-40 պարկուճ ու գնդակ: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնին էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:

Մելիքյանը նշել է նաև, որ համալիր փորձաքննություններով պարզ կլինի՝ ինչ է եղել:

«Մի շարք զննություններ են արվել։ Տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն առգրավման փուլում են։ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Փորձագետներն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը», - ասել է նա։

Մելիքյանի խոսքով՝ փորձաքննությունը ցույց կտա՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կար, թե` ոչ:

«Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում», - ասել է Մելիքյանը՝ նշելով, հունվարի 17-ի երեկոյի դրությամբ հարցաքննվածների թվում պաշտոնյաներ չկան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Ատրճանակը պատկանել է Կուտոյանին, ստացել է պարգևատրման կարգով: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները