ՔԿ. Կուտոյանը նույն տանն ավելի վաղ 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին

ՔԿ. Կուտոյանը նույն տանն ավելի վաղ 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության ընթացքում՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 35 կրակված պարկուճ և 6 գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 պարկուճ, 1 գնդակ, հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով նա ուղևորվել է Պարույր Սևակի փողոցի վրա գտնվող, իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում 2-3 օր հանգստանալու իր մտադրության մասին:

Հունվարի 17-ին հարազատները` չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը) դիմացի փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 կրակված պարկուճ և 6 գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 պարկուճ, 1 գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի»,- ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Տվյալներ են ստացվել, որ ավելի վաղ 2019-ի դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Կուտոյանի խնդրանքով, նրա կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

ՔԿ-ից հայտնում են, որ անցկացվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուտոյանի մոտ հայտնաբերված ատրճանակը պատկանել է նրան, ստացել է պարգևատրման կարգով:

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները