ՀՀ նախագահը Թրամփի ու Մերկելի հետ կմասնակցի Դավոսի համաժողովին

ՀՀ նախագահը Թրամփի ու Մերկելի հետ կմասնակցի Դավոսի համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը: Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նա որպես բանախոս կխոսի աշխարհում սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների մասին:

Այցը Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով է:

Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես կգա տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը:

Ֆորումի 2020-ի բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք:

Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը կհանդիպի դրա մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ֆորումն անցկացվելու է հունվարի 20-24-ը՝ «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած մոտ 700 բանախոս ու ավելի քան 3000 մասնակից քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:

Արմեն Սարգսյանը եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---