ՔԿ. Կուտոյանն ինքնասպան է եղել անձնական պատճառներով

ՔԿ. Կուտոյանն ինքնասպան է եղել անձնական պատճառներով

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կինը Քննչական կոմիտեում գրություն է թողել՝ օգտվելով իրավահաջորդի իր լիազորություններից: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գեորգի Կուտոյանի կինը մեզ մոտ գրություն է թողել, որ առանց իր տեղեկության որևէ տվյալ չհրապարակվի: Նա օգտվել է իրավահաջորդի իր իրավունքից՝ առանց համաձայնեցնելու հրապարակման իրավունք չունենք»,- ասաց Հարությունյանը:

Արձագանքելով ՔԿ պետ Հայկ Գրիգորյանի՝ հունվարի 28-ին արած հայտարարությանը, թե Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթներով՝ Հարությունյանը նշեց, որ այդ հայտարարությանը հավելելու այլ բան չկա:

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է հենց իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։ Հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, եթե նաև Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, գործը 100%-ով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի:

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---