Մակրոնը հուսով է, որ գարնանը ԼՂ հարցում ինչ-որ առաջընթաց կարող է լինել

Մակրոնը հուսով է, որ գարնանը ԼՂ հարցում ինչ-որ առաջընթաց կարող է լինել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները (խորհրդարանական) կարող են դրական ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման ընթացքի վրա և հույս հայտնել, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել։

Այդ մասին Մակրոնը խոսել է հունվարի 29-ի երեկոյան՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանը ծավալուն ելույթի շրջանակում, գրում է Panorama.am-ը:

«Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին ու երկրի բնակչությանը՝ Մակրոնն ասել է, որ Հայաստանը մեծ ճգնաժամի խաչմերուկում է, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարն անդրադարձել է նաև Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերին՝ նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ապա կստի, քանի որ այն իրավաբանորեն հնարավոր չէ։

«Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,- ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։

Մակրոնի խոսքով՝ օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունն ու մարդասիրական աջակցությունը։

2019-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կազմակերպած միջոցառման ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները: Նա նշել էր, որ Ադրբեջանին երբևէ չեն վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---