Փաշինյանը՝ Միշուստինին. Հուսով եմ՝ կպաշտպանեք տնտեսական դինամիկան, որը կա ՀՀ-ում

Փաշինյանը՝ Միշուստինին. Հուսով եմ՝ կպաշտպանեք տնտեսական դինամիկան, որը կա ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կառավարության նորանշանակ ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ առաջին հանդիպմանը հույս է հայտնել, որ վերջինիս գլխավորած գործադիրը կպաշտպանի Հայաստանում տնտեսական դինամիկան:

Փաշինյանն ու Միշուստինն առաջին անգամ հանդիպել են Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:

«Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019-ին ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի հետ մեր գործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ առևտրաշրջանառությունը երկու երկրի միջև 2019-ին մոտենում է $2 մլրդ-ի, որը բավականին լավ ցուցանիշ է, իսկ 2020-ին այդ դինամիկան կպահպանվի:

Միխայիլ Միշուստինն իր հերթին ջերմությամբ է հիշել իր վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին, որը «փայլուն էր կազմակերպված»:

«ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է հայ-ռուսական կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Պետք է ամրապնդել դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ»,- ասել է Միշուստինը:

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով: ՀՀ-ում գործում է 2200 ռուսական ընկերություն: 2018-ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով $2 մլրդ-ի: Աճը շարունակվել է նաև 2019-ին՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով:

Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկայում քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այդ ոլորտում ևս երկկողմ գործակցությունը զարգացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են նաև հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի գործունեությունը` գործակցությանը նոր թափ հաղորդելու առումով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---