ԵԽԽՎ. ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի

ԵԽԽՎ. ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա) ու Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության աննախադեպ մակարդակի պատճառով։

«Հավասարակշռումն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգեն այն իրենց գործերով և խոսքերով՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ կապված: Եթե նրանք չկարողանան գործակցել այս սկզբունքների համաձայն, ապա նրանք խարխլում ու վնասում են միմյանց: Ուստի` անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասներով, որ այս լարվածությունը, որն հասել է աննախադեպ մակարդակի, կարող է պատճառել ամբողջ դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն արդեն շատ ցածր է», - ասվում է հայտարարության մեջ, մեջբերում է Panorama.am-ը:

Նշվում է, որ մինչ այժմ Կառավարությունն ու խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին` իշխանությունները հայցել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ:

«Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք է լինի խիստ կամավոր, և որ այդ սկզբունքը պետք է պահպանվի:

Որպես համազեկուցողներ` ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս վերոնշյալ ձևով, նույնիսկ եթե այս մեխանիզմի նպատակը, այն է՝ պահպանել 2015-ի սահմանադրական փոփոխությունների ոգին, հիմնավոր ճիշտ է», - հավելել են համազեկուցողները:

Նրանք նաև նշել են` «արդեն շեշտել են, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:

«Ի հավելումն, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը։ Վերջապես, այդ լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող, թե արդեն մեկնարկած՝ Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում», - եզրափակել են համազեկուցողները։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը դիմել է ՀՔԾ, հունվարի 29-ին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի դեպքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այն՝ նշելով, որ Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: «Լուրերի» ռեպորտաժում ներկայացվում էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։

Դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---