1 փետրվարի 2020 - 11:07 AMT
Նախարարը ողջունել է ԵԽԽՎ արձագանքը վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արձագանքը ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ վստահեցնելով, որ շարունակելու են չտրվել սադրանքների ու, իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով` լուծել ՍԴ ճգնաժամը:

«Մինչ այս պահը Կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների` Վենետիլի հանձնաժողովը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել»,- գրել է նախարարը։

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները խորն անհանգստություն էին հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։

«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Հավասարակշռումը անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգեն այն իրենց գործերով և խոսքերով՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ կապված: Եթե նրանք չկարողանան համագործակցել այս սկզբունքների համաձայն, նրանք խարխլում ու վնասում են միմյանց: Ուստի, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասներով, որ այս լարվածությունը, որն հասել է աննախադեպ մակարդակի, կարող է պատճառել ամբողջ դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն արդեն շատ ցածր է», - ասվում էր հայտարարության մեջ։

Կապակցված նյութ` ԵԽԽՎ. ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի