Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է ոտնձգությունները Վրաստանի հայկական եկեղեցիների դեմ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգ-որ Խորհրդի ժողով, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին - նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության եւ հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ եւ մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին եւ ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների եւ Վրաց Եկեղեցու կողմից որեւէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:



Այնուհետեւ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես եկավ կոչով. «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում եւ նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների եւ հայրենական իրենց սրբությունների»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---