3 փետրվարի 2020 - 11:23 AMT
Ural Airlines-ը թույլ չի տվել ՀՀ մի քանի քաղաքացու թռչել Չինաստանից. Դեսպանատունը խորհուրդ է տալիս այլ ավիաուղի ընտրել

Փետրվարի 1-ին ՀՀ մի խումբ քաղաքացիների գրանցումը Ural Airlines-ի տոմսերով մերժվել է, չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ այդ երկրում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տալիս մոտակա քաղաք մեկնել, որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռչել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները:

Հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը՝ մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։

ՀՀ և Ղազախստանի ԱԳՆ-ների գործակցության արդյունքում փետրվարի 2-ին Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տեղափոխվել է Ղազախստան. քայլեր են ձեռնարկվում նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Չինաստանում գտնվող քաղաքացիներին՝ օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի մանրամասները։

Չինաստանում ՀՀ դեսպանությունն ու ԱԳՆ-ն քայլեր են ձեռնարկում նման զարգացումները կանխելու ուղղությամբ, իսկ դեսպանությունը կապի մեջ է իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին:

Չինաստանում և աշխարհի 124 երկրում տարածված նոր կորոնավիրուսով վարակվել է մոտ 12,000 մարդ: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունն ու չոր հազը։

Փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվել է։