3 փետրվարի 2020 - 11:48 AMT
ՍԱՏՄ. Բանանն անվնաս է, կարանտինով որևէ պտուղ Հայաստան չի մտնում

Կարանտին հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում, իսկ պտուղների մեջ գրիպի և այլ վիրուսներ գոյատևել չեն կարող, հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՍԱՏՄ-ն շարունակում է խստորեն պահպանել ՀՀ սահմանին վերահոսկողությունը:

ՀՀ-ում պարբերաբար ու նաև վերջերս վտանգավոր բանանի մասին լուրեր են շրջանառվում: Ավելի վաղ ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն ՍԱՏՄ խստացրել էր վերահսկողությունը:

Հարությունյանը նշել է, որ համացանցում տեսանյութեր ենտարածվում, որոնցում ակնհայտորեն հնացող կամ ժամկետանց բանանի բծեր են, որոնք օգտատերերը դասում են կարանտինային հիվանդության ու անտեղի խուճապ ստեղծում: Նա հիշեցրել է, որ բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն անցնել չեն կարող, ուտելիս մարդու կյանքին և առողջությանը վնաս չի սպառնում:

«Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են կարանտին և խստորեն վերահսկվում: Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ>,- եզրափակել է Հարությունյանը:

Ներկրվող բանանի մասին վերջին կեղծ լուրերը շրջանառվում էին՝ կապված Չինաստանում սկսած ու աշխարհում տարածվող կորոնավիրուսի հետ: