3 փետրվարի 2020 - 14:46 AMT
Հայկական համարանիշերով ավտոտերերը Ղազախստանի պաշտոնյաներին մեղադրել են սուտ խոստումների մեջ

Ղազախստանում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերն այդ երկրի պաշտոնյաների արխիվային տեսանյութեր են հրապարակել: Դրանցում Կառավարության անդամները պնդում են, թե ԵԱՏՄ անդամ երկրներից մեքենաների ներկրման հետ կապված հարցեր չեն առաջանա և սահմանափակում չի լինի:

Տեսանյութը ներկայացվել է Ուրալսկում՝ մեքենաների սեփականատերերի հանրահավաքի ժամանակ: Այնուհետև այն ցուցադրվել է քաղաքի ակիմատի մեծ դահլիճում, որտեղ ընթանում էր պետմարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումը, գրում է Lada.kz-ն:

Մասնավորապես, ցուցադրվել է «Ատամեկեն բիզնես» հեռուստաալիքի 2019-ի սեպտեմբերի 13-ի սյուժեն, որտեղ ԵԱՏՄ-ում Ղազախստանի ներկայացուցիչ Սերիկ Ժումանգարինը միանշանակ հայտարարում է, որ ԵԱՏՄ երկրներից Ղազախստան ավտոմեքենաներ ներկրելու սահմափակաումներ չկան:

Մեկ այլ՝ «Եվրասիա» հեռուստաալիքի սյուժեում, ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի պետ Մարատ Տույակբաևը նույնպես միանշանակ հայտարարում է, որ որևէ սահմանափակում մեքենաների ներկրման հարցում չի լինելու: Սյուժեն ցուցադրվել է 2019-ի հուլիսի 4-ին:

Հանրահավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա տեղական ոստիկանության ծառայության պետ Ժանբուլատ Ժանշինը տեսանյութերի դիտումից հետո հայտարարել է, որ խոսքն այն մասին է, թե չկա նման մեքենաների տեղաշարժի սահմանափակում, սակայն կա դրանք գրանցելու պահանջ: Սակայն նրան հակադարձել են, որ սյուժեներում դրա մասին ոչ մի խոսք չկա:

Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական և ղրղզական համարներով մեքենաները, որոնք 1 տարուց ավելի են գտնվում Ղազախստանի տարածքում, կարտաքսվեն երկրից՝ կոչ անելով այդ մեքենաները գրանցել այդ երկրում: Իրավապահների մտադրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել նշված մեքենաների տերերի շրջանում՝ երկրի մեծ քաղաքներում պարբերաբար հանրահավաքներ էին վերագրանցման արժեքը նվազեցնելու պահանջով, կամ որևէ այլ կերպ լուծելու երկրում հայկական համարներով մեքենաների առկայության օրինականացման հարցը:

Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան: 2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափեր: