Փաշինյանն՝ Արցախում. Բոլոր ՀԴՄ չտպողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ

Փաշինյանն՝ Արցախում.  Բոլոր ՀԴՄ չտպողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ՀԴՄ-ների տրամադրման խնդրին՝ նշելով, որ բոլոր ՀԴՄ չտպողները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

«Կիրակի օրն ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա:Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում)»,- ասվում է գրառման մեջ:

Ռեստորանի աշխատակիցները՝ նշելով, որ ՀԴՄ-ն նոր են փոխել, այդպես էլ կտրոն չեն տվել:

«Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարևորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է վարչապետը:

Չնայած Արցախում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է լինում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Ըստ վարչապետի գրառման՝ այդ դեպքից հետո ռեստորանի սեփականատերն աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է իր վրա:

«Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու և նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին:

Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն և այդ զեղչը տարածվեց նաև մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: և նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի»,- եզրափակել է վարչապետը:

Ռեստորանը, որտեղ ճաշել է Կառավարության ղեկավարն ընտանիքի հետ, պատկանում է կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանին, որն անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, ասել է, թե վարչապետի «զինվորի հաց ուտող եք» արտահայտությունն է, որ ստիպել է իրեն բարձրաձայնել այս «ցածր» խնդիրը:

Նա նշել է նաև, որ «աշխատողները հավաքվել էին ՀԴՄ մեքենայի գլխին» ոչ թե քանի որ չգիտեին ինչպես տպել կտրոնը, այլ քանի որ փորձում էին հասկանալ` ինչպես վերացնել անսարքությունը, որ տվյալ պահին էր ի հայտ եկել»: Նա հավելել է, որ պատճառը՝ լիցքավորիչն էր, իսկ աշխատողը պարտավոր չի էլեկտրիկ լինել ու հասկանալ էլ.սարքի անսարքությունից:

Զաքարայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ հայտնել է, որ ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել:

«Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում՝ մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չէ, եթե մի բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կմ գնաս: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ շատ ամոթալի ձևակերպումը: Այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք»,- ասել է նա՝ ճղճիմ անվանելով այդպիսի պահվածքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---