Զոհրաբյան. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակաիրավական է

Զոհրաբյան. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակաիրավական է

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարել է, որ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է:

«Նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա: Դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, ես դա չեմ անվանի օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

«Եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել», - հավելել է Զոհրաբյանը:

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց լիազորել են լուծել ՍԴ հարցը՝ Զոհրաբյանն ընդգծել է, որ ամբողջ ժողովրդի անունից որևէ քաղաքական ուժ խոսելու իրավունք չունի:

«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին, ես գտնում եմ, որ մեր երկրում ավելի կարևոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը: Մեզ համար անձերի խնդիր չկա և ամեն ինչ անելու ենք երկրում օրենքի գերակայության հաստատման համար», - նշել է Զոհրաբյանը։

Հովակիմյանը շրջանառության մեջ էր դրել 3 նախագիծ, որոնցով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով ԱԺ-ի՝ ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

Նախագծով առաջարկվում է նաև չեղարկել սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահին ուղարկելու մասին դրույթը և ԱԺ նախագահին վերապահել դրանց հրապարակումը։ Նախատեսվում է նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու դեպքում ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---