ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Քննչական

ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Քննչական

PanARMENIAN.Net - Դատախազությունն Արցախի ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քննչական մարմին՝ այն ստուգելու նպատակով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Խոսքը Auroranews-ի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկին վերաբերող «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ» վերնագրով հրապարակման մասին է:

Այս զորամասում ողբերգական միջադեպի հետևանքով հունվարի 30-ին մահացել էր շարքային Վահրամ Ավագյանը: Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ 20-ամյա զինվորն ինքնաձիգից կրակել էր իր կրծքավանդակին։

Ըստ Auroranews-ի հրապարակման՝ այս զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ Եսայի Մկրտչյանի, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի, ԱԱԾ մեկ այլ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդիները։ Վերջին միջադեպի փաստով հարուցված քրգործի շրջանակում ձերբակալված 3 զինծառայողից մեկն էլ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է՝ Դավիթ Մովսիսյանը:

Լրատվամիջոցի անանուն զրուցակիցը պատմել է, թե այնտեղ, այսպես ասած, «կլան» է ձևավորվել, որը ճնշում է մյուս զինվորներին, խմբի «առաջնորդն էլ» Արայիկ Սարգսյանն է, նրանք դրամահավաքությամբ են զբաղվում:

Արցախի ՊԲ-ն՝ անդրադառնալով միջադեպին, հայտարարել էր. «Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, և պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից»:

Արտակարգ դեպքերի մասով ՊԲ-ում հայտարարել էին, թե դրանց հետ կապված գործընթացներն իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի ստեղծած հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---