1 դեկտեմբերի 2008 - 17:40 AMT
Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան գազամուղի վերջին հատվածը
Այսօր Երեւանում «Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակությունը վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ մասնակցել է Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ տեղամասի վերջին կցակարին նվիրված հանդիսավոր արարողություններին: Ինչպես հաղորդում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի մամլո ծառայությունը, միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Կողմերը բարձր են գնահատել «Գազպրոմի» ու Հայաստանի բազմակողմ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ գործընկերությունն առաջիկայում եւս կընդլայնվի:

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական բնույթ է կրում, որի հիմքում վստահությունն է ու փոխշահավետ գործընկերությունը: «Գազպրոմը» ոչ միայն գազ է վաճառում Հայաստանին, այլ նաեւ մասնակցում է նրա տեղափոխմանն ու մարքեթինգին Հանրապետության տարածքում, մենք մեծ պլաններ ունենք էլեկտրաէներգետիկայի ոլորտում: Շուրջ 10 տարի է, ինչ հաջողությամբ գործում է ռուս-հայկական «ՀայՌուսգազարդ» համատեղ ռուս-հայկական ձեռնարկությունը, որի ուժերով էլ կառուցվել է Քաջարան-Արարատ հատվածը: Համոզված եմ, որ նոր մայրուղին զգալիորեն կբարձրացնի Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունն ու արժանի ներդրում կունենա ողջ տարածաշրջանի գազի ենթակառուցվածքների զարգացման մեջ»,-հայտարարել է Ալեքսեյ Միլլերը: