6 փետրվարի 2020 - 11:23 AMT
ՊԲ-ում զինվորի մահից հետո մի շարք ավագ սպաներ զորացրվել են ԶՈւ-ից

Հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու քննությամբ որոշվել է զորացրել մի շարք ավագ սպաների ԶՈւ շարքերից: Այդ թվում զորացրվել են զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը և դիվիզիոնի հրամանատարը:

Ավելի վաղ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքով առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրգործով մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին:

Դեպքը եղել է հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին երիտասարդի դին փորձել էին բերել Արմավիրից Երևան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ որևէ ապացույց չունի, թե dա ինքնասպանություն է:

Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից: