6 փետրվարի 2020 - 16:13 AMT
Նախագիծ. Ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորումը կքրեականացվի

Արդարադատության նախարարությունը մշակել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման դեմ: Խոսքն անձի հանդեպ որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մասին է, նման բռնության հրապարակային արդարացնելու կամ քարոզելու: Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ խնդիրը շատ նուրբ է, քանի որ սերտորեն առնչվում է խոսքի ազատությանն ու դրա սահմաններին:

«Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,- նշել է Գալյանը:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ քննարկումը կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնի գտնել խնդիրների արդյունավետ լուծումը:

Ավելի վաղ ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի ղեկավար էր ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։