10 փետրվարի 2020 - 12:15 AMT
Մարուքյան. Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը

Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Փետրվարի 10-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը։

Ըստ Մարուքյանի՝ այդ խախտումների հիմքով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր չստորագրել հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը և դիմել ՍԴ՝ ըստ Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների։

Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում կար, քանի որ բացակայում էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։

«Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է: Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ Սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր»,- գրել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ որոշման նախագծում նաև բովանդակային թերություններ կային:

«9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մարուքյանը նշել է նաև, որ հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ-ի նախագահի, 6 դատավորի և մնացյալ 2 դատավորի միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։